Մեծ Բրիտանիայում 99-ամյա վետերանը 5 մլն դոլար է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Երկրորդ աշխարհամարտի բրիտանացի վետերան Թոմ Մուրը, որը ապրիլի 30-ին կդառնա 100 տարեկան, 4 մլն ֆունտ ստերլինգի ($5 մլն) նվիրատվություններ է հավաքել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության ազգային համակարգի կարիքների համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, վետերանի կայքում նվիրատվություն անելու խնդրանքին արձագանքել է 98 000 մարդ, որոնք վերջինիս գումարներ են փոխանցել: Մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով բրիտանական բանակի կապիտանը համացանցում լուսանկար է հրապարակել, որում քայլակով զբոսնում է իր փոքրիկ այգում: Մուրը հույս է հայտնել 100-ամյակը տոնել 100 պտույտ կատարելով այգու շուրջը:
«Երբ ես սկսեցի գործս անցյալ երկուշաբթի, իմ նպատակն էր 1000 ֆունտ հավաքել Առողջապահության Ազգային համակարգի համար, որը բուժել է ինձ քաղցկեղից և ազդրի կոտրվածքից: Այժմ ուղղակի խոսքեր չունեմ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքել են»:
Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 12 868 մարդ, վերջին մեկ օրում այս ցուցանիշն ավելացել է 761-ով: Վարակվածների թիվը հասել է 98 476-ի:










