Եվրոպական երկրների առողջապահության նախարարները կքննարկեն կարանտինային սահմանափակումների չեղարկման հարցը
Եվրոպական երկրների առողջապահության նախարարներն ապրիլի 17-ին կքննարկեն կարանտինային սահմանափակումների չեղարկմանը վերաբերող Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագիծը: Այս մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վույնովիչը բացատրել է, որ ԱՀԿ-ն այժմ «անցումային» մարտավարություն է վարում՝ տալով գործողությունների կարգադրություններ խիստ կարանտինային քայլերի չեղարկման պայմաններում, սակայն հաշվի առնելով վիրուսի տարածման վերսկսվելու ռիսկերը:
«Բառացիորեն այս ուրբաթ մեծ քննարկում տեղի կունենա եվրոպական տարածաշրջանի բոլոր նախարարների մասնակցությամբ: Մենք հաստատում ենք ստացել նաև Ռուսաստանի առողջապահության նախարարությունից: Եվ կլինի, իհարկե, այս ծրագրի քննարկումը, որն առաջարկել է ԱՀԿ-ն»,-հայտարարել է Վույնովիչը:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 128 841-ի, գրանցվել է վարակման 2 023 285 դեպք, ապաքինվել է 492 229 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։










