Վրաստանի առողջապահության նախարարը չի բացառել կորոնավիրուսի դեմ պայքարում բժշկական համալսարանի ուսանողների ներգրավումը. Pia
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենք կարող են օգնություն խնդրել բժշկական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներից: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Միևնույն ժամանակ առողջապահության նախարարը հասարակությանը կոչ է արել պատասխանատվություն դրսևորել և նշել է, որ իրենց անպատասխանատվության հետևանքով կամավոր ուսանողները չպիտի բախվեն դժվարին իրավիճակում աշխատելու խնդրին:
«Հնարավոր է՝ օգնություն խնդրենք մեր բժշկական համալսարանի 5-րդ և 6-րդ կուրսի ուսանողներից: Ես հարցնում եմ նրանց ծնողներին՝ արդյո՞ք դեմ չեն, որ իրենց երեխաները կամավորներ լինեն այս ծայրահեղ իրավիճակում»,-հայտարարել է Տիկարաձեն:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 296 դեպք, 3 մարդ մահացել է, 69-ը` առողջացել:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 126 000-ը՝ հասնելով 126 754-ի, գրանցվել է վարակման 2 000 065 դեպք, ապաքինվել է 484 597 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։










