ՔԿ-ում վարույթ է ընդունվել Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրեական գործը

18:40 • 15.04.20

2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ.Ազոյանից հաղորդում է ստացվել  այն մասին, որ  մեկ անգամ կրակել են իրեն  պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։ Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որը ապրիլի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:  Հ.Ազոյանը տուժող է ճանաչվել:

Ձեռնարկվում են քննչական և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: