Ճապոնիան ավելի քան 1000 հյուրանոց ու օբյեկտ է վարձակալել թեթև ախտանշաններով վարակակիրների համար

11:47 • 15.04.20

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ երկրում ավելի քան 1000 հյուրանոց և այլ օբյեկտներ է վարձակալել այնտեղ կորոնավիրուսի թեթև ախտանշաններ ունեցողներին տեղափոխելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով երկրի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Կաձույոսի Ակաբայի հայտարարությանը։

Նման միջոցառումներ ձեռնարկելու որոշումը կայացվել է հիվանդանոցներում ծանր հիվանդների համար տեղ ազատելու նպատակով։

Տոկիոյում արդեն մեկ շաբաթ առաջ հոսպիտալներից սկսել են թեթև ախտանշաններ և 37,5-ից ոչ բարձր ջերմություն ունեցողներին տեղափոխել վարձակալած հյուրանոցներ և զինված ուժերի այլ օբյեկտներ։ Նշվում է, որ իշխանություններն իրենց վրա են վերցրել հիվանդների տեղափոխման և սննդի ծախսերը։ Հյուրանոցներում շուրջօրյա քաղաքապետարանի աշխատակիցներն ու բուժքույրերն են գտնվում, ցերեկը հերթապահում են բժիշկները։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 800 դեպք, որից 170-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 853 մարդ։

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։