Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է ապրիլի 24-ին եկեղեցիները մեկ րոպե շարունակ հնչեցնեն զանգերը, մարդիկ էլ դուրս գան բակեր, պատշգամբեր և մեկ րոպե լռությամբ հարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձավ ապրիլի 24-ի միջոցառումներին: Նա նշեց, որ բացի պաշտոնական արարարողակարգից զանգվածային միջոցառում չենք կարող իրականացնել՝ պայմաանվորված կորոնավիրուսի հետ և առաջարկ հնչեցրեց:
«Առաջարկում եմ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և բոլոր հայկական եկեղեցիները նախապես պայմանավորված մի ժամի մեկ րոպե շարունակ հնչեցնեն եկեղեցու զանգերը, մեր հայրենակիցներն էլ դուրս գան բակեր, կամ պատշգամբեր և մեկ րոպե լռությամբ հարգեն նահատակների հիշատակը»,-ասաց նա:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արարայիկ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը քննարկում է մի քանի տարբերակ և աշխատանքային խումբ է ձևավորված: «Ձեր առաջարկը կքննարկենք, մենք էլ մի քանի տարբերակներ ունենք, որը շուտով կհանրայնացնենք»,-ասաց նա:










