ՄԱԿ-ը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գուտերեշի խոսքով՝ այժմ ԱՀԿ-ին կամ որևէ այլ հումանիտար կազմակերպության հատկացվող միջոցները կրճատելու ժամանակը չէ, քանի որ դրանք պայքար են մղում կորոնավիրուսի համավարակի դեմ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ որ այսօր միջազգային հանրությունը պետք է միասին աշխատի, որպեսզի դադարեցնի վարակն ու դրա «ավերիչ հետևանքները»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Թրամփը քննադատության էր ենթարկել ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի համաճարակին իր կարծիքով համարժեք չարձագանքելու համար։










