Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են 3388-ով

14:09 • 15.04.20

Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին օրվա ընթացքում ավելացել են 3388-ով, այժմ վարակվածների թիվը 24 490 է երկրի 84 շրջաններում: ՌԴ-ում վարակվածներ չկան միայն Ալթայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում վարակման դեպքերի թիվն աճել է 16,1%-ով: Առողջացել է 1986 մարդ (292-ը վերջին օրվա ընթացքում), մահացել` 198-ը (28-ը վերջին օրվա ընթացքում):

Նոր դեպքերից 1774-ը գրանցվել է երկրի մայրաքաղաք Մոսկվայում, այստեղ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14 776-ի: Մոսկվայից բացի, վերջին օրվա ընթացքում նոր դեպքեր են գրանցվել նաև երկրի 64 շրջաններում:

Մահվան նոր դեպքեր են գրանցվել Մոսկվայում` 11, Դաղստանի Հանրապետությունում` 3, Մոսկվայի մարզում` 2, Բաշկորտոստանի Հանրապետությունում` 2, Կալմիկիայում` 2, Պսկովի շրջանում` 2: 1-ական մահվան դեպք էլ գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, Բուրյաթիայում, Պենզայի, Տյումենի, Բելգորոդի և Աստրախանի շրջաններում:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։