Նոյմյունստերի կենդանաբանական այգու տնօրենը հայտնել է, որ կարանտինի պայմաններում կենդանիների գոյատևման համար հնարավոր է ստիպված լինեն մի կենդանուն մյուսով կերակրել

13:21 • 15.04.20

Գերմանիայի Նոյմյունստեր քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Վերենա Կասպարին հայտնել է, որ կենդանիների գոյատևման համար հնարավոր է ստիպված լինեն մի կենդանուն մյուսով կերակրել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար սահմանված կարանտինային ռեժիմի օրերին կենդանաբանական այգիները, որոնց եկամուտը գոյանում է այցելուների վճարած գումարներից, կենդանիների խնամքի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու ծանրագույն խնդրով են զբաղված։

«Ցուցակագրել ենք կենդանիներին, որոնց սկզբում կմորթենք»,-նշել է Վերենա Կասպարին՝ հավելելով, որ նման բարդ որոշումն ի կատար ածելը իրենց վերջին տարբերակն է լինելու, քանի որ մեծ կենդանիներին կերակրելը շատ թանկ արժե, իսկ պայմանների բացակայության և սահմանների փակ լինելու հետևանքով նրանց այլ վայր հնարավոր չէ տեղափոխել։

Տնօրենի խոսքով՝ անգամ այդ քայլին գնալու պարագայում այցելու չունենալու հետևանքով ֆինանսական խնդիրները չեն լուծվի: Գարնան ընթացքում այցելու չունենալու պատճառով այգին կարող է մինչև 175 000 եվրո (191 189 դոլար) եկամուտ կորցնել։

Նշվում է, որ երկրում մի շարք կենդանաբանական այգիներ դիմել են կառավարությանը և հասարակական կազմակերպություններին 100 միլիոն եվրո ֆինանսական օգնություն ստանալու համար։