Daily Mail-ը հրապարակել է Պակիստանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռի թռիչքի վերջին րոպեները ցուցադրող տեսանյութ (լուսանկարներ, տեսանյութ)

17:49 • 22.05.20

Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է Պակիստանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռի թռիչքի վերջին րոպեները ցուցադրող տեսանյութ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը գրեթե շենքերին հավասար բարձրությամբ սլանում, այնուհետև ծխի կադրեր են երևում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Պակիստանում Pakistan International Airlines ավիաընկերության Airbus А320 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում՝ Լահորից դեպի Կարաչի: Geo TV-ի տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կարաչիի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքից մեկ րոպե առաջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռը «Ջինա» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու երեք ձախողված փորձ է իրականացրել, սակայն չորրորդ փորձի ժամանակ ընկել է օդանավակայանի մոտակայքում։

Նշվում է, որ օդաչուն ավիադիսպետչերին նախքան կործանումը հայտնել է, որ ինքնաթիռի շարժիչները շարքից դուրս են եկել։

Կարաչիի քաղաքապետը հայտնել է, որ վթարի հետևանքով օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, զոհվել են: Սակայն apnews.com-ը հայտնում է ողջ մնացածների մասին: