Չեխիան ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել

17:54 • 05.06.20

Չեխիայում ՌԴ դեսպանատան երկու աշխատակից «անցանկալի անձ» (պերսոնա նոն գրատա) է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին:

«Չեխիայում ՌԴ դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել»,-հայտարարել է Չեխիայի կառավարության ղեկավարը:

Բաբիշը խոստովանել է նաև, որ ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի արձանը հանելու սկանդալի ֆոնին տարածված լուրն այն մասին, թե իբր ռուս դիվանագետը ռիցին թույն է բերել Չեխիա` Պրահայի քաղաքապետին սպանելու համար, ամբողջովին հնարված էր:

Ըստ նրա՝ այս սկանդալային պատմությունը, որի վերաբերյալ ոչ ոք որևէ ապացույց չի ներկայացրել, ծագել է «Պրահայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելության աշխատակիցների միջև ներքին պայքարի պատճառով»: «Նրանցից մեկը դիտավորյալ մտացածին տեղեկություններ է ուղարկել մեր Անվտանգության և տեղեկատվական ծառայությանը չեխ քաղաքական գործիչների վրա հարձակման մասին», - ասել է վարչապետը:

Բաբիշի մեկնաբանությամբ այդ գործողությունները հանգեցրել են ռուս-չեխական հարաբերությունների սրմանը: Ըստ վարչապետի՝ այդ աշխատակիցը վնաս է հասցրել «Չեխիայում ՌԴ-ի բարի անվանը», ինչի պատճառով որոշում է կայացվել այս կոնֆլիկտի մասնակից աշխատակիցներին արտաքսել երկրից:

«Մենք բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կողմնակից ենք, բայց մենք ինքնիշխան պետություն ենք և չենք հանդուրժի նման ակցիաներ մեր երկրում»,-ասել է Բաբիշը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մայիսի 10-ին չեխական CT1 հեռուստաընկերության «168 ժամ» հաղորդման լրագրողները, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկացրել էին ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի անունը, որը կասկածվում է Պրահա-6 աշխատակազմի ղեկավար Օնդրժեյ Կոլարժի և Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով ռիցին թույնի փոխադրման համար: Կասկածյալը Չեխիայում «Россотрудничествo»-ի ներկայացուցչության ղեկավարի պարտականությունները կատարող Անդրեյ Կոնչակովն էր: