Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, կա 1 զոհ (լուսանկարներ)
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բինգյոլի շրջանում տեղի ունեցած 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 18-ի: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը` հղում տալով Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային:
Փոխնախագահը տեղեկացրել է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել է ժանդարմերիայի դիտորդական աշտարակը, հսկողություն իրականացնողներից մեկը մահացել է, նրա դիակը դուրս է բերվել փլատակների տակից, իսկ տուժածների ընդհանուր թիվը հասել է 18-ի:
Հաղորդվում է, որ ավերվել, փլուզվել կամ վնասվել է Յեդիսու շրջանի Յեշիլգյոլ գյուղի երկու տուն, Էրզրումի նահանգի Չաթ գյուղի 9 ախոռ և 12 տուն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, կիրակի ներկայիս Թուրքիայի արևելյան շրջանում 5,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Տարերային աղետի օջախը գտնվել է 5 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս, որտեղ շուրջ 81 000 մարդ է բնակվում:



![]()










