Պատասխան քայլ. Ռուսաստանը երկու չեխ դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել

16:47 • 15.06.20

Ռուսաստանը երկրում Չեխիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել, նրանք պարտավոր են իրենց ընտանիքների հետ լքել Մոսկվան երկու օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:

Այս մասին տեղեկացրել են Չեխիայի դիվանագիտական առաքելության ղեկավար Վիտեզսլավ Պիվոնկային, որին հունիսի 15-ի առավոտյան կանչել էին ՌԴ ԱԳՆ:

Դիվանագետներին «անցանկալի անձ» հայտարարելը Պրահայի ոչ բարեկամական գործողությունների և Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների վտարման պատասխանն էր՝ «անհեթեթ և չապացուցված մեղադրանքներից հետո»:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ դա արվում է փոխադարձության սկզբունքով և 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հիման վրա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չեխիայում ՌԴ դեսպանատան երկու աշխատակից «անցանկալի անձ» (պերսոնա նոն գրատա) է հայտարարվել:

Մայիսի 10-ին չեխական CT1 հեռուստաընկերության «168 ժամ» հաղորդման լրագրողները, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկացրել էին ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի անունը, որը կասկածվում է Պրահա-6 աշխատակազմի ղեկավար Օնդրժեյ Կոլարժի և Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով ռիցին թույնի փոխադրման համար: Կասկածյալը Չեխիայում «Россотрудничествo»-ի ներկայացուցչության ղեկավարի պարտականությունները կատարող Անդրեյ Կոնչակովն էր:

Չեխիայի վարչապետը ավելի ուշ խոստովանել էր, որ ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի արձանը հանելու սկանդալի ֆոնին տարածված լուրն այն մասին, թե իբր ռուս դիվանագետը ռիցին թույն է բերել Չեխիա` Պրահայի քաղաքապետին սպանելու համար, ամբողջովին հնարված էր ՌԴ դեսպանատան աշխատակիցների կողմից:

Նրա մեկնաբանությամբ այդ գործողությունները հանգեցրել են ռուս-չեխական հարաբերությունների սրմանը: Ըստ վարչապետի՝ այդ աշխատակիցը վնաս է հասցրել «Չեխիայում ՌԴ-ի բարի անվանը», ինչի պատճառով որոշում է կայացվել այս կոնֆլիկտի մասնակից աշխատակիցներին արտաքսել երկրից: