Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսային շրջանների վրա իրականացված ավիահարվածների հետևանքով առնվազն 5 խաղաղ բնակիչ է զոհվել

23:14 • 19.06.20

Թուրքիայի կողմի Իրաքի հյուսիսային շրջանների վրա իրականացված ավիահարվածների հետևանքով առնվազն 5 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ ռմբակոծության են ենթարկվել Իրաքի Քուրդիստանի կազմի մեջ մտնող Դահուկ նահանգի հյուսիսային շրջանները:

Ավելի վաղ քրդական «Ռուդաու» հեռուստաալիքը, վկայակոչելով տեղական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրաքի հյուսիսում թուրքական գործողության զոհ է դարձել երեք խաղաղ բնակիչ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրաքի արտգործնախարարություն է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը, որին բողոքի նոտա է հանձնվել Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում «Վագրի ճիրան» ռազմական գործողությունը սկսելու կապակցությամբ:

Իրաքի օդային տարածքը խախտելու մասին բողոքի նոտայում Իրաքի իշխանությունները նշել են, որ թուրքական բանակը խախտել է երկրի ինքնիշխանությունը:

«Իրաքը վճռականորեն դատապարտում է հունիսի 17-ին թուրքական զինված ուժերի կողմից մեր տարածքում իրականացված ռմբակոծությունները, որով նրանք խախտել են մեր երկրի ինքնիշխանությունը»,-ասված է նոտայում:

Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել նաև դուրս բերել թուրքական զորքերը երկրի տարածքից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրաքյան Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողության մեկնարկի մասին: Գործողության մեջ ներառված է ավիացիան, T129 ATAK ուղղաթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը: