Իրաքը բողոքի նոտա է հղել Թուրքիային` իր տարածքում իրականացվող «Վագրի ճիրան» ռազմական գործողության համար
Հունիսի 19-ին Իրաքի արտգործնախարարություն է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը, որին բողոքի նոտա է հանձնվել Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում «Վագրի ճիրան» ռազմական գործողությունը սկսելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Իրաքի օդային տարածքը խախտելու մասին բողոքի նոտայում Իրաքի իշխանությունները նշել են, որ թուրքական բանակը խախտել է երկրի ինքնիշխանությունը:
«Իրաքը վճռականորեն դատապարտում է հունիսի 17-ին թուրքական զինված ուժերի կողմից մեր տարածքում իրականացված ռմբակոծությունները, որով նրանք խախտել են մեր երկրի ինքնիշխանությունը»,-ասված է նոտայում:
Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել նաև դուրս բերել թուրքական զորքերը երկրի տարածքից:
«Մենք ընդգծում ենք թուրքական զորքերի` Իրաքի տարածքից դուրս բերելու անհրաժեշտությունը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրաքյան Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողության մեկնարկի մասին: Գործողության մեջ ներառված է ավիացիան, T129 ATAK ուղղաթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը:










