Չինացի զինվորականներն ազատ են արձակել 10 հնդիկ զինծառայողի՝ այդ թվում փոխգնդապետի, որոնք գերեվարվել էին հունիսի 15-16-ի բախումների ժամանակ

09:59 • 19.06.20

Չինացի զինվորականներն ազատ են արձակել 10 հնդիկ զինծառայողի՝ այդ թվում փոխգնդապետի և երեք մայորի, որոնք գերեվարվել էին հունիսի 15-16-ին Արևելյան Լադակհում բախումների ժամանակ։ Ինչպես ուրբաթ հայտնել է հնդկական Telegraph թերթը, ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։

Առկա տեղեկությունների համաձայն՝ հնդիկ զինվորներն ազատ են արձակվել հինգշաբթի գեներալ-մայորների և հրամանատարների մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հնդկաստանի զինված ուժերի առնվազն 76 զինծառայող չինական բանակի հետ բախման հետևանքով վիրավորում է ստացել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի և Հնդկաստանի՝ Հիմալայներով անցնող վիճելի սահմանին երկու երկրների միջև լարվածության ֆոնին չինական կողմի հետ բախման հետևանքով հնդկական զինված ուժերի 20 անդամ է զոհվել։ Հնդկական աղբյուրների համաձայն՝ չինական կողմից մոտ 45 զինվորական է սպանվել և վիրավորում ստացել։

Չինացի և հնդիկ զինվորները, որոնք սովորաբար սահմանային հատվածներում կոնֆլիկտից խուսափելու նպատակով զենք չեն կրում, կռվի մեջ են մտել երկուշաբթի մայրամուտին՝ չինացիների՝ մի հնդիկ հրամանատարի գետի կիրճը հրել-գցելուց հետո։

Այս պատահարից հետո երկու կողմերից մոտ 600-հոգանոց զորք է հավաքվել և սկսել միմյանց հետ բռունցքներով, քարերով, երկաթյա ձողերով կռվի մեջ մտնել։ Նշվում է, որ մարտը շարունակվել է մինչև ուշ գիշեր, երկու կողմերից էլ զոհեր եղել են, սակայն զենքից կրակոց չի արձակվել։