«Ոչ ոքի թույլ չեմ տա կոտրել Բելառուսին». Լուկաշենկո

04:49 • 20.06.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը դեմոկրատական կամ ուժային մեթոդով կարգավորելու հարցում ընտրություն կատարելուն դեմ է, քանի որ եթե դեմոկրատական միջոցներով առաջնորդվի, կարող է երկիրը կորցնել, հայտնում է РИА Новости-ն:

«Եթե ես դեմոկրատական ճանապարհով գնամ, ցույց կտամ, թե փափկամազիկ եմ, և ընդհանրապես երկիրը կորցնելու վտանգի առաջ կկանգնեմ, կանիծեն ինձ: Որևէ մեկը ո՛չ ինձ, ո՛չ էլ ձեզ Բելառուսի ոչնչացումը չի ների: Մեկ այլ տարբերակ. ինձ պարզապես դրդում են, որ իրավիճակին ինչ-որ ուժային լուծում տամ», - ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, թե որոշակի ուժեր են ակտիվացել, որոնք փորձում են սրել իրավիճակը երկրում:

Ըստ այդմ, Բելառուսի նախագահն ասել է, թե ոչ ոքի թույլ չի տալու կոտրել Բելառուսին: «Ինձ համար անկախ և ինքնիշխան Բելառուսից ավելի մեծ արժեք չկա: Եվ ես կգնամ այս երկրի պահպանմանը, ինչ էլ որ դա արժենա», - շեշտել է Լուկաշենկոն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմախոսները սպասվող նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակիցների օգտին ստորագրահավաք անցկացնելուն զուգահեռ երեկ իրականացրել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին աջակցող մեկ այլ ակցիա: Նրանք մայրաքաղաք Մինսկի փողոցներում մի քանի կիլոմետր երկարությամբ մարդկային շղթա են կազմել: Ակցիան անցկացվել է հաջակցություն այն ակտիվիստների և քաղաքական գործիչների, որոնք ձերբակալվել են նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Հունիսի 18-ին Մինսկում ձերբակալվել էր նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, որը մեղադրվել է հակաիրավական գործունեություն ծավալելու համար:

Եվս մեկ ընդդիմադիր՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որի կինը մասնակցում է նախագահական մրցապայքարին, ձերբակալվել է մայիսի վերջին՝ իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի իննին: Լուկաշենկոն մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: