Լուկաշենկոն հայտարարել է, որ իր մրցակիցների ձերբակալությունները չի օգտագործում քաղաքական նպատակներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժխտել է իր մրցակից նախագահի թեկնածուների ձերբակալման քաղաքական դրդապատճառները` հայտարարելով, որ Բելառուսում «թալանած» մարդկանց ձերբակալությունը չի օգտագործվում քաղաքական նպատակներով: Այս մասին տեղեկացնում է interfax.by կայքը:
«Ես միշտ ձեզ ասել եմ. ես ոչ ոքի թույլ չեմ տա ուժային տարբերակով լուծել խնդիրները, որոնք պետք է լուծել խաղաղ ձևով, քաղաքական ճանապարհով, մեր օրենքների հիման վրա: Այդպես կլինի միշտ»,-հայտարարել է Լուկաշենկոն` ելույթ ունենալով Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի օրվան նվիրված հիշատակի միջոցառումներին:
Բելառուս առաջնորդը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել, «թե ինչ են երգում մեր մասին. ինչ-որ բան այն չենք անում, իսկ եթե թալանել է, ոչ մի սարսափելի բան չկա...»:
«Եթե մենք մեր անկախության տարիներին այդ գողերի թևերը չկտրեինք, այսօր մենք օլիգարխիկ պետություն կկառուցեինք ու ծնկած կլինեինք: Դրա համար նայեք սրան (նախընտրական քարոզարշավի ժամանակ մրցակիցների ձերբակալմանը) հանգիստ և մի մտածեք, որ ինչ-որ մեկը դա օգտագործում է քաղաքական նպատակներով: Բելառուսում ինչ-որ բան քաղաքական նպատակներով օգտագործելու անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Միևնույն ժամանակ նա ընտրողներին կոչ է արել «չտրվել 3-4 շառլատանների խայծին»:
«Մենք մեր երկրի հարցերը կլուծենք ինչպես որ պետք է»,-ասել է Լուկաշենկոն:
Բացի այդ, Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին կոչ է արել պահպանել իրենց և հանգիստ լինել:
«Մի լարվեք: Մեզ համար այս կորոնափսիխոզի լարվածությունն էլ բավարար է»,-ասել է Լուկաշենկոն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսում դատարանը կալանավորել է նախագահի պոտենցիալ թեկնածու և «Բելգազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն՝ Էդուարդին: Հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոն դադարել էր կապի դուրս գալ առավոտյան համապատասխան փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Բելգազպրոմբանկի գործի» շրջանակում հակաիրավական գործունեության վերաբերյալ գործով նրան և որդուն ձերբակալել են, և այժմ երկուսն էլ գտնվում են Ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանում։
Հենց այդ օրը Մինսկում բողոքի ցույց էր անցկացվել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ և հաջակցություն բոլոր ձերբակալվածների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:










