«Թեհրանի մեծ առաջընթացը տիեզերական ոլորտում». Իրանը հետևում է ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականների տեղաշարժին Մերձավոր Արևելքում

16:29 • 22.06.20

Իրանի որոշումների ընդունման քաղաքական նպատակահարմարությունը ճշգրտող խորհրդի քարտուղար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային մատնանշել է Թեհրանի մեծ առաջընթացը տիեզերական ոլորտում, ինչը թույլ է տալիս «մանրամասնորեն հետևել» ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականների տեղաշարժին Մերձավոր Արևելքում: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով Mehr գործակալությանը:

«Մեր առաջընթացն օրինակելի է: Մեր ռազմական արբանյակը մանրակրկիտ լուսանկարներ է ուղարկում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ներկայության վերաբերյալ, իսկ մեր բարձր ճշգրտության հրթիռները խուճապ են առաջացրել ամերիկացիների շրջանում»,-նշել է Ռեզային:

Գործակալությունը նշում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն արվել է ուղիղ երկու ամիս անց այն բանից հետո, երբ Իրանը հաջողությամբ տիեզերք ուղարկեց իր առաջին` Noor-1 ռազմական արբանյակը:

Չնայած նրան, որ քիչ տեղեկություններ են ներկայացվում Noor-1-ի և դրա առանձնահատկությունների վերաբերյալ, դրա դասակարգումը որպես պաշտպանական ոլորտում հատուկ օգտագործման բազմաբնույթ արբանյակ, վկայում է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այնպիսի տեխնոլոգիական հասունություն է ձեռք բերել, որ ինքնուրույն կարող է ծրագրել և իրականացնել հետախուզություն, տիեզերական ռազմական և հետախուզական առաքելություններ` տվյալներ հավաքելու նպատակով, որոնք օգնում են Իրանի երկինքն անվտանգ պահել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 22-ին Իրանն իր առաջին ռազմական արբանյակը բարեհաջող տիեզերք է արձակել: Արբանյակը տիեզերք է արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: