Ուզբեկստանի նախագահը կմասնակցի Մոսկվայում վաղը կայանալիք Հաղթանակի զորահանդեսին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն այսօր կմեկնի Մոսկվա․ այցի ընթացքում ծրագրվում է քննարկումներ ունենալ ռուս-ուզբեկական հարաբերությունների շուրջ, իսկ ավելի ուշ մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, հայտնում է eadaily.com կայքը՝ հղում տալով Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայության հայտարարությանը։
«Այս տարվա հունիսի 23-24-ին Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Ժամանման օրակարգի համաձայն՝ առաջին օրը ծրագրված են բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ, որոնց ընթացքում ռուս-ուզբեկական բազմաշերտ համագործակցության մի շարք արդի հարցեր կքննարկվեն։ Հունիսի 24-ին մեր պետության ղեկավարը կմասնակցի ֆաշիզմի նկատմամբ տարած Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու իրենց մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին նաև Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները, իսկ ահա Թուրքմենստանի նախագահը չի մեկնի։
ՀՀ վարչապետը չի մեկնի Մոսկվա՝ ելնելով համաճարակային իրավիճակից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Բենի Գանցը նույնպես հրաժարվել են հունիսի 24-ին Մոսկվա մեկնել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսի անցկացումը հետաձգվել է և պետք է կայանա հունիսի 24-ին:










