Գերմանիայում մսի արտադրամասում կորոնավիրուսի բռնկումից հետո Ռեյն-Վեսթֆալիա երկրամասում տոտալ ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել (լուսանկարներ)
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Գյուտերսլոհ քաղաքում գտնվող Tönnies մսի արդյունաբերական խոշոր ձեռնարկության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի բռնկումից հետո, իշխանությունները շրջանում կրկին տեղաշարժի սահմանափակումներ և տոտալ ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել, գրում է Daily Mail-ը։
Բարերը, մարզասրահները և կինոթատրոնները կրկին կփակեն իրենց դռները։ Քաղաքում արդեն իսկ փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները։ Չի աշխատում նաև այն ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը։
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի ղեկավար Արմին Լաշեն հայտարարել է, որ տուժած շրջանները կվերադառնան «այն միջոցառումներին, որոնք կիրառվել են մի քանի շաբաթ առաջ», որոնք Գերմանիան, հաշվի առնելով համեմատաբար կայուն համաճարակաբանական իրավիճակը, թուլացրել էր։ Լաշեն նաև կոչ է արել մարդկանց խուսափել ուղևորություններից։
Առողջապահական մարմիններն արդեն կարանտին են սահմանել Tönnies մսի արդյունաբերական խոշոր ձեռնարկության բոլոր 6500 աշխատակիցների համար և թեստեր են անցկացրել աշխատակիցների շրջանում։ Նախատեսվում է զանգվածային թեստավորում անցկացնել ամբողջ տարածաշրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյուտերսլոհ քաղաքում Tönnies մսի արդյունաբերական խոշոր ձեռնարկության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման զանգվածային դեպքեր են գրանցվել։
Գերմանիայի աշխատանքի նախարար Հուբերտուս Հայլը հայտարարել էր, որ Եվրոպայի խոշորագույն մսի կոմբինատի սեփականատերերը պետք է պատասխանատվության ենթարկվեն կորոնավիրուսի զանգվածային բռնկման համար։
Նրա խոսքով՝ ամբողջ տարածաշրջանը «պատանդ է ընկել» գործարանի՝ իր աշխատակիցներին պաշտպանելու անկարողության պատճառով։ Առողջապահական մարմինները նույնպես մեղադրել են ընկերությանը։














