«Ներգաղթը մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ի տնտեսական հաջողության մեջ»․ Amazon-ը, Google-ը և Twitter-ը քննադատել են Թրամփի՝ վիզաների տրամադրումը կասեցնելու մասին որոշումը

12:08 • 24.06.20

Տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Amazon-ը, Google-ը և Twitter-ը քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մինչև 2020 թվականի ավարտը մի շարք կատեգորիաների վիզաների տրամադրումը կասեցնելու մասին որոշումը՝ ընդգծելով, որ այդ որոշումն ԱՄՆ-ն պասիվ մրցունակ կդարձնի, գրում է Daily Mail-ը։

Խոսքը H-1B վիզայի տրամադրման արգելքի մասին է, որը խոշոր ընկերություններն օգտագործում են ոլորտում խորը գիտելիքներ ունեցող արտասահմանյան մասնագետների վարձելու համար. H-1B-ի մոտ 18 000 վիզաներ անցյալ տարի տրամադրվել են Google-ին և Apple-ին:

Amazon-ը հայտարարել է, որ այդ միջոցառումները «վտանգի տակ են դնում ԱՄՆ գլոբալ մրցունակությունը», իսկ Box ամերիկյան ինտերնետային ընկերության գլխավոր տնօրենն այն անվանել է «աներևակայելի վատ քաղաքականություն»։

Amazon-ի ներկայացուցիչը Business Insider-ին ասել է. «Բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը երկիր կանխարգելելը և Ամերիկայի տնտեսական աճը խաթարելը վտանգի տակ է դնում Ամերիկայի գլոբալ մրցունակությունը»։

Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին Twitter-ի իր էջում գրել է. «Ներգաղթը մեծ ներդրում է ունեցել Ամերիկայի տնտեսական հաջողության մեջ՝ այն դարձնելով տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար»։

Box-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ահարոն Լևին գրել է, որ Թրամփի միջոցառումները «մատնանշում են նրա՝ բոլոր մակարդակներում աներևակայելի վատ քաղաքականությունը, դրա հետևանքը կլինի այն, որ ավելի շատ աշխատատեղեր կտեղափոխվեն ԱՄՆ-ից դուրս, և Ամերիկան դրանից ավելի մրցունակ չի կառնա»։

Facebook-ը հայտարարել է, որ վիզաների սառեցումը կարող է դանդաղեցնել կորոնավիրուսից հետո ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը։

«Իրականում, ԱՄՆ-ում բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ երկիր մուտք գործելու արգելքը ԱՄՆ-ի վերականգնումն ավելի դժվար կդարձնի»,- հայտարարել է ընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել մինչև 2020 թվականի ավարտը մի շարք կատեգորիաների վիզաների տրամադրումը կասեցնելու մասին։

Խոսքը H-1B, H-4 և H-2B, L աշխատանքային վիզաների և J կատեգորիայի փաստաթղթերի մեծամասնության մասին է, բացի այդ՝ նոր Գրին քարտի (ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության) տրամադրումը նույնպես կդադարեցվի մինչև դեկտեմբերի 31-ը:

Վերջին մի քանի տարիներին Սպիտակ տան վարչակազմը փորձել է խստացնել H-1B վիզաների տրամադրման ծրագիրը։ Այս ծրագիրը թույլ է տալիս ամերիկացի գործատուներին ժամանակավոր հիմունքներով վարձել օտարերկրյա աշխատողների: Տեխնոլոգիական արդյունաբերությունը ակնկալում է H-1B վիզա՝ իր ոլորտում խորը գիտելիքներ ունեցող արտասահմանյան մասնագետների վարձելու համար, հատկապես գիտական և տեխնիկական ոլորտներում: Նման մոտեցման քննադատները պնդում են, որ որոշ ընկերություններ չարաշահել են ծրագիրը և գործազուրկ թողել ամերիկացի աշխատակիցներին։

H-4 վիզաները տրվում են H-1B վիզաների սեփականատերերի մերձավոր ազգականներին:

H-2 վիզաները թույլ են տալիս ժամանակավոր հիմունքներով աշխատողներ վարձել գյուղատնտեսության, շինարարության, անտառային արդյունաբերության և շատ այլ ոլորտներում:

H-2B վիզան թույլ է տալիս ամերիկյան գործատուներին ժամանակավոր հիմունքներով վարձել օտարերկրացիներին մեկանգամյա, սեզոնային կամ պարբերական հիմունքներով աշխատելու համար: