Լուկաշենկոն չի մասնակցել Պուտինի և մյուս նախագահների շփմանը. «ՌԻԱ Նովոստի»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած մի շարք պետությունների ղեկավարների շփմանը, հայտնում է ria.ru-ն։
Նշվում է, որ մինչ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելը Պուտինը «ոտքի վրա» շփվել է Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Տաջիկստանի նախագահների հետ, որի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետևում է կանգնած մնացել և որևէ մեկի հետ չի շփվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, զորահանդեսի ժամանակ Բելառուսի նախագահը Ռուսաստանի նախագահից ոչ հեռու է նստել և պատերազմի վետերաններից մեկի հետ շփման ժամանակ հուզվել է և չի կարողացել զսպել արցունքները։
Թե ինչի մասին են խոսել Լուկաշենկոն և Հայրենական մեծ պատերազմի հերոսը` անհայտ է, սակայն այդ խոսակցությունը Լուկաշենկոյին ստիպել է սրբել աչքերը թաշկինակով:
Լուկաշենկոն Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար նախօրեին Ռուսաստան է ժամանել իր որդիների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսը, որը կորոնավիրուսային համավարակի պատճառով մայիսի 9-ին չէր կայացել:










