Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը հայտարարել է, որ 2014 թվականից երկրում վարկաբեկման արշավ է իրականացվում Արսեն Ավակովի դեմ

12:48 • 25.06.20

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն իր նախագահության տարիներին ամեն ինչ արել է, որ վարկաբեկի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:

«Իր նախագահության տարիներին Պյոտր Պորոշենկոն մշտապես ամեն ինչ անում էր, որպեսզի վարկաբեկեր ներքին գործերի նախարարի կերպարը և այն բարեփոխումները, որ նա կատարել է: Մենք տեսել ենք վարկաբեկման համակարգային արշավներ: Երբ մենք նոր պարեկային ոստիկանություն ստեղծեցինք, արշավ սկսվեց այն մասին, թե նրանք անընդհատ վթարի են ենթարկում մեքենաները: Կամ այն մասին, որ այդ նոր ոստիկանները անփորձ են: Բայց նրանք, անկասկած, ավելի լավն են նրանցից, որոնք կային»,-ասել է Գերաշչենկոն «РБК-Украина» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Պորոշենկոյի հեռանալուց հետո համակարգային վարկաբեկում չկա, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ երկրում «կոռուպցիայի ու հանցավորության դեմ իրական պայքար մղվի»:

«Մարդկանց խմբեր կան, որոնք դժգոհ են Ներքին գործերի նախարարության ղեկավարի աշխատանքից: Դա «Ձայն» խմբակցությունն է, լիբերալ, ինչպես «Ժողովրդ ծառայի» մի մասը: Բայց եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ասեք՝ ինչն այնպես չէ, մենք պատրաստ ենք փոխվել: Բայց այն մարդիկ, որոնք ստորագրել են Ավակովի հրաժարականի համար, ոչ մի անգամ չեն եկել նախարարի կամ ինձ մոտ և ասել՝ դուք ճիշտ չեք աշխատում, այլ կերպ աշխատեք: Այսինքն՝ հասարակության մեջ այդպիսի տպավորություն է ստեղծվել, որ Արսեն Ավակովը վատն է: Դրա հիմքը դրվել էր դեռևս 2014 թվականին: Պորոշենկոն բոլոր ջանքերը ներդրել էր նախարարի համակարգային վարկաբեկման համար, որպեսզի թուլացներ նրան որպես քաղաքական գործիչ և կոալիցիայի անդամ»,-ասել է Գերաշչենկոն:

Նրա խոսքով` երբ Պորոշենկոն դարձավ նախագահ, նա պնդում էր, որ Ավակովը հեռանա ներքին գործերի նախարարի պաշտոնից և զբաղեցնի ցանկացած այլ պաշտոն` էկոնոմիկայի նախարար, ֆինանսների նախարար և այլն:

«Այն ժամանակ՝ ընտրություններից հետո, մի ամիս կոալիցիա չէր կազմվում, քանի որ Պորոշենկոն ասում էր. «Վերցրեք ձեզ 10 նախարարական պորտֆել, միայն տվեք ինձ Ներքին գործերի նախարարությունը»: Դա տեղի չունեցավ, դրա համար էլ սկսվեց համակարգային վարկաբեկում: Բայց դրա արդյունքում այդ 5 տարվա ընթացքում իշխանության մեջ ուժերի հավասարակշռություն կար: Ինչպես ինձ ասել է ընկերներիցս մեկը, որը շատ լավ գիտի Պորոշենկոյին, եթե այն ժամանակ՝ 2014 թվականի աշնանը, Ավակովը հեռանար, Պորոշենկոն մինչև իր ժամկետի ավարտը չէր ղեկավարի»,-ասել է փոխնախարարը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ չի առաջարկել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին լքել պաշտոնը, բայց պատրաստվում է հանդիպել նրա հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունիսի 2-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում ստորագրահավաք էր սկսվել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով: