Ես ՔՀԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով. Ալեքսանդր Ազարյան (տեսանյութ)

15:46 • 25.06.20

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական գործի քննության ժամանակ Ալեքսանդր Ազարյանը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, ինչ ներկայացվել է իր իրական գործողությունների և հայտարարության վերաբերյալ:

Նա նշեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դրությամբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այնուամենայնիվ, դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել և վստահել է Հատուկ քննչական ծառայության պետին: «Այն, որ Հատուկ քննչական ծառայության պետն իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, դա կասկած չի հարուցում»,-ասաց նա:

Ալեքսանդր Ազարյանը հարց բարձրացրեց, թե օրինակ ինչո՞ւ ՀՔԾ պետը վիրավորվեց այդ դատական գործով և ոչ թե նշված որոշումը կայացնելուց մեկ շաբաթ առաջ:

«Մեկ շաբաթ առաջ Հատուկ քննչական ծառայության մեկ այլ քննիչ, մեկ այլ գործով նույն հիմքով ինչ պատճառաբանությամբ ինձ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ միջնորդությունը ես մերժել եմ բառացի նույն պատճառաբանությամբ և Հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին չիջնելու վերաբերյալ հույս ունենալու արտահայտությունով: Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայության պետը չվիրավորվեց այն ժամանակ, և վիրավորվեց հիմա, գուցե այն պատճառով, որ առաջին գործով կայացրել եմ Հատուկ քննչական ծառայության դիրքորոշմանը համահունչ որոշում, իսկ այժմ՝ ոչ: Ամփոփելով ասեմ, որ ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին` որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: