Հունիսի 24-ին Մոսկվա ժամանած և այդպես էլ զորահանդեսին չմասնակցած Ղրղզստանի նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է ցույց տվել

13:04 • 25.06.20

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը բացասական պատասխան է ցույց տվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Տոլգոնայ Ստամալիևայի հայտարարությանը։

«Բիշքեկ ժամանման ժամանակ նախագահի՝ կորոնավիրուսի անալիզը բացասական պատասխան է ցույց տվել»,- հայտարարել է մամուլի քարտուղարը։ Նրա տեղեկություններով՝ Մոսկվայից հունիսի 24-ին վերադառնալուց հետո Ժեենբեկովը և հանրապետության պաշտոնական պատվիրակության բոլոր անդամները «կորոնավիրուսային վարակի կրկնակի թեստ են հանձնել»։

«Նախագահը շարունակում է ինքնամեկուսացման մեջ գտնվել և հեռակա ռեժիմով է աշխատանքներն իրականացնում։ Սրան զուգահեռ՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սիդիկովի և անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է։ Քանի որ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում, նրանք այսուհետ բուժումը տնային պայմաններում կշարունակեն»,- հավելել է Ստամալիևան։

Նրա հավաստմամբ՝ պատվիրակության մյուս անդամների թեստերը նույնպես բացասական պատասխան են ցույց տվել, սակայն ներկայում նրանք բոլորը «շարունակում են ինքնամեկուսացման մեջ գտնվել»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը,Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հունիսի 24-ին ժամանել էր Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու, սակայն այդպես էլ չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը. ղրղզ առաջնորդի շրջապատից երկու անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: