Սահարա անապատից հսկայական փոշու ամպը հասել է ԱՄՆ․ կորոնավիրուսի հետևանքով շնչառական խնդիրներ ունեցողների համար այն մեծ սպառնալիք է ներկայացնում (լուսանկարներ)
50 տարվա մեջ ամենամեծ փոշու ամպը Սահարա անապատից հասել է ԱՄՆ-ի տարածք և շարժվում է Տեխաս, Ֆլորիդա և այլ նահանգների ուղղությամբ, որտեղ այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ «Գորիլայի փոշու ամպ» (Gorilla Dust Cloud) անվամբ այս երևույթը նախքան հինգշաբթի Միսիսիպիի ծոց հասնելը, այս շաբաթ անցել է Կարիբյան ավազանով, որտեղ օդն աղտոտվածությամբ «վտանգավոր» մակարդակի է հասել։
Փորձագետների կանխատեսմամբ՝ փոշու ամպն ԱՄՆ հարավարևելյան հատվածում կմնա այս հանգստյան օրերին և մինչև մյուս շաբաթվա կես։ Սրա հետևանքով նահանգներում օդի որակը կտրուկ կվատանա, ինչն էլ մեծ սպառնալիք կարող է լինել կորոնավիրուսի հետևանքով շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների համար։
Մասնագետները Տեխաս և Ֆլորիդա նահանգներում խոցելի խմբերում գտնվող անձանց հորդորում են այս օրերին տանը մնալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, աֆրիկյան Սահարա անապատից հսկայական փոշու ամպը շարժվել է Մեքսիկայի ուղղությամբ։
Դեղնավուն երանգի փոշու հսկայական ամպն ամեն տարի ժամանում է Մեքսիկա, սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ այս տարի այն զգալիորեն ավելի մեծ է, քան վերջին տարիներին: Օվկիանոսի վրա փոշու կուտակումն արձանագրվել է դեռ հունիսի 18-ին։
Փոշին նաև հանդես է գալիս որպես բնական պարարտանյութ և, ինչպես պարզվել է, առանցքային դեր է խաղում Հարավային Ամերիկայի Ամազոնի ավազանում արևադարձային անտառների ոչ պարարտ հողերում հանքանյութերի վերականգնման գործում:




















