ՃՈ-ն է կանգնեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարի մեքենան և իրականացրել ստուգումներ. Ոստիկանություն

11:45 • 26.06.20

Երեկ Tert.am-ը փաստաբան Միհրան Պողոսյանից տեղեկացել էր, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ըստ նրա`գործողությունը եղել է ապօրինի։ 

«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնեցրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ «Բարգավաճ Հայաստանը» Սահմանադրության փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»,- ասել էր նա:

Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրել էր, որ Ղազարյանին բերման չեն ենթարկել:

Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, հարցին, թե ի՞նչ հիմքով են ոստիկանները փորձել սահմանափակել Էդգար Ղազարյանի տեղաշարժը, պատասխանեց. «Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Էդգար Ղազարյանի վարած մեքենան և իրականացրել ստուգումներ իրենց լիազորության սահմաններում»: