Պահնորդական ծառայությունն այսօր մեծ թվով ծառայողներով էր եկել, որն էլ ժողովրդի զայրույթն առաջացրեց. վաղը հետ կվերադառնան. Շիրակ Բունիաթյանը՝ Ամուլսարի շուրջ տեղի ունեցածի մասին
Ջերմուկցին միշտ իր դիրքերում է մնալու, ուղղակի այսօր պահնորդական ծառայությունը մեծ թվով ու շոուներով էր եկել, որն էլ ժողովրդի մոտ զայրույթ էր առաջացրել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը՝ ներկայացնելով Ամուլսարի շուրջ այսօր տեղի ունեցած իրադարձությունները:
Հիշեցնենք, որ այսօր Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պարզ դարձավ, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել Ջերմուկ: Բունիաթյանի խոսքով՝ հավաքվել էր զորք, որը եկել է «Լիդիան Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, այսինքն՝ «Պանտերա Սեքյուրիթի» փոխարեն տարածքն արդեն վստահվում է նոր եկած պահնորդային ծառայողներին:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ մեծ թվով եկած ծառայողներն այսօր կմնան այդ տարածքում, բայց վաղը ծառայության կանցնեն այնքան մարդիկ, որքան եղել է միշտ, իսկ մնացածը ետ կվերադառնան: Ժողովուրդն այստեղ իր կանոններն ունի, սկզբում նրանք ուզում էին չհամաձայնվել այդ կանոնների հետ, բայց համայնքը զորավոր է»,- ասաց նա:
Հարցին, թե թվով քանիսն են հսկելու
«Լիդիան Արմենիա»-ի կողմից, Բունիաթյանը պատասխանեց, որ նախկին «Պանտերա Սեքյուրիթի»-ից չի տարբերվի, քանի որ պայմանավորվել են՝ պահնորդային ծառայողները տարածքում հնարավորինս աննկատ պետք է լինեն և պետք է մնան իրենց հենակետերում, այսինքն կիրականացնեն այն ծառայությունը, ինչի համար եկել են:
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ հիմա իրավիճակը հանգիստ է և կարող է միայն լարվել այն ժամանակ, երբ մյուս կողմը պայմանավորվածություն խախտի, սակայն ըստ նրա՝ դա քիչ հավանական է, քանի որ վաղը տարածքը լքելու են:










