Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ քննչական մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին երկկողմանի թոքաբորբով Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կոմիտեի մամուլի ծառայությանը:
Հունիսի 29-ին Աթամբաևը բողոքել է առողջական վատ վիճակից, նրանից կորոնավիրուսի անալիզ է վերցվել, որը բացասական պատասխան է տվել:
«Նույն օրը բժիշկների առցանց խորհրդատվություն է անցկացվել և տրվել է «արտահիվանդանոցային երկկողմ թոքաբորբ» ախտորոշումը: Ելնելով դրանից՝ բժիշկները որոշում են կայացրել տեղափոխել Աթամբաևին հիվանդանոց` ստացիոնար բուժման»,-տեղեկացրել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Կոմիտեում տեղեկացրել են, որ քննչական մեկուսարանն աշխատում է սովորական ռեժիմով, բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստավորում են անցել, վարակման դեպքեր չեն գրանցվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բիշքեկի Մայիսմեկյան շրջանային դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին դատապարտել է 11 տարի 2 ամիս ազատազրկման: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:










