Մոսկվայի բնակիչները պարզել են, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն տնից քվեարկել է սահմանադրական փոփոխությունների օգտին. քաղաքի մեկ այլ շրջանում տնից քվեարկողների թիվն ավելացել է մի քանի անգամ

12:20 • 30.06.20

Մոսկվայի բնակիչները սխալ կամ կեղծիք են հայտնաբերել սահմանադրական փոփոխությունների հարցով համառուսաստանյան քվեարկության անցկացման ժամանակ. ամուսինները գնացել են Լեֆորտովոյի № 1403 ընտրատեղամաս` քվեարկելու, և հայտնաբերել են, որ ընտրական հանձնաժողովի փաստաթղթերում տեղեկություն կա այն մասին, որ իրենք, ինչպես նաև իրենց երեխաներն արդեն քվեարկել են: Հանձնաժողովի գրանցամատյանում նշված են եղել նրանց անձնագրային տվյալները, ինչպես նաև քվեաթերթիկ ստանալու համար իրենց ստորագրությունները, տեղեկացնում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մոսկովյան շտաբը:

Բնակիչները հայտարարել են, որ իրենք չեն քվեարկել:

Ընտրական հանձնաժողովի անդամը դա սխալ է անվանել և ներողություն է խնդրել:

Մոսկվայում համառուսաստանյան քվեարկությունը հսկող հանրային շտաբի պետի առաջին տեղակալ Վադիմ Կովալևի` Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովին ուղղված նամակում ասված է, որ ամուսինների տվյալները սխալմամբ ներառել են տնից քվեարկածների ցանկում: Նա հանձնաժողովին կոչ է արել տնից քվեարկածների այդ փաթեթում առկա բոլոր քվեաթերթիկներն անվավեր ճանաչել, իսկ ընտրական հանձնաժողովի նախագահին և քարտուղարին պատասխանատվության ենթարկել:

Մոսկվայի մեկ այլ շրջանում՝ Ռամենկիում, հայտնաբերել են տնից քվեարկողների թվի զգալի ավելացում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Կիրիլ Տրոֆիմովը: Ըստ նրա` հունիսի 26-ի երեկոյան դրությամբ` այսինքն քվեարկության երկրորդ օրվա վերջին, քվեարկել էր 400-500 մարդ, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր 4-րդ ընտրող:

Տրոֆիմովը հայտնաբերել էր նաև, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի տվյալները տնից քվեարկողների մասին տարբերվում են տարածքային ընտրական հանձնաժողովների տվյալներից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայի բնակիչներին գումարի դիմաց սկսել են առաջարկել գրանցվել mos.ru կայքում և առցանց քվեարկել սահմանադրական բարեփոխումների օգտին: Ամեն գրանցման համար խոստանում են վճարել 75 ռուբլի գումար, գրանցված օգտահաշվից քվեարկելու համար` ևս 50 ռուբլի, օրական առաջարկում են գրանցել ամենաքիչը 20 օգտահաշիվ: