«ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին հոկտեմբերին ամենաբարձր չափանիշներով ընտրություններ անցկացնելու նպատակին հասնելու համար». Վրաստանում ԵՄ դեսպան

11:51 • 03.07.20

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Խարցելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին հոկտեմբերին կայանալիք ընտրություններն ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակին հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

Դեսպանի խոսքով` Վրաստանում ԵՄ առաքելությունը ողջունում է երկրի ընտրական օրենսդրությունում փոփոխությունները:

«Ես ողջունում եմ օրենսդրության մեջ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաջարկությունների համապատասխանությամբ փոփոխությունները, այդ թվում՝ կանանց` ընտրություններին մասնակցելու կանոնակարգերի ընդունված հստակ դրույթները, կուսակցական ֆինանսավորման ռեգրեսիվ մոդելի ներդրումը: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի զանգվածային բարեփոխումներ իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկած կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են ընտրողների վրա ճնշումը, դատական ընթացակարգերը կամ ընտրական հանձնաժողովները: Գալիք խորհրդարանական ընտրությունները շրջադարձային կլինեն ժողովրդավարական գործընթացներն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու Վրաստանի հանձնառության համար: Եվրամիությունը պատրաստ է օգնել Վրաստանին իր նպատակին հասնելու գործում, այն է` ընտրություններն աշնանն անցկացնել ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,-նշել է դեսպան Խարցելը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի խորհրդարանը հունիսի 29-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով: