«Զայրացած ամբոխները փորձում են քանդել մեր երկրի հիմնադիրների արձանները». Թրամփը Ռաշմոր լեռան մոտ ելույթի ընթացքում դատապարտել է «ԱՄՆ պատմության ոչնչացման անխնա արշավը» (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ ելույթի ժամանակ դատապարտել է «երկրի պատմության ոչնչացման արշավը»՝ հայտարարելով, որ «ձախաթևյան մշակութային հեղափոխությունն» ուղղված է ամերիկյան հեղափոխության տապալմանը, գրում է Daily Mail-ը։
ԱՄՆ Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի առջև ելույթի ժամանակ Թրամփն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Black Lives Matter շարժմանը, հայտարարել կոնֆեդերատների հուշարձանների քանդման ֆոնին ԱՄՆ-ում «ազգային հերոսների քանդակներով այգի» ստեղծելու մասին, ինչպես նաև իրեն չաջակցող մարդկանց տվել «վատ և չար» որակումները։
Նա նաև խոստացել է, որ Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրը միշտ անսասան կմնա, և որ ոչ ոքի թույլ չի տա դիպչել հուշահամալիրին։
«Այդ հուշարձանը երբեք չի պղծվի, այդ հերոսները երբեք չեն պղծվի, նրանց ժառանգությունը երբեք չի ոչնչացվի, նրանց ձեռքբերումները երբեք չեն մոռացվի, և Ռաշմոր լեռը հավերժ կանգնելու է որպես հարգանքի տուրք մեր նախնիներին և մեր ազատությանը»,- հանդիպման առաջին րոպեներին ասել է ԱՄՆ նախագահը:
«Զայրացած ամբոխները փորձում են քանդել մեր երկրի հիմնադիրների արձանները, պղծել մեր ամենասուրբ հուշարձանները և սանձազերծել բռնի հանցագործությունների ալիք մեր քաղաքներում»,- ասել է Թրամփն իր աջակիցներին, որոնք, ինչպես նկատում է պարբերականը, դիմակ չեն կրել։
«Այդ մարդկանցից շատերը պատկերացում չունեն, թե ինչու են դա անում, բայց ոմանք հստակ գիտեն՝ ինչ են անում։ Նրանք ամերիկացի ժողովրդին թույլ, փափկամորթ ու հնազանդ են համարում»,- Black Lives Matter շարժման մասնակիցների մասին ասել է Թրամփը՝ հավելելով, որ «ոչ մի շարժում, որը ձգտում է ոչնչացնել ԱՄՆ-ի համար թանկարժեք ժառանգությունը, չի կարող իր սրտում սեր ունենալ Ամերիկայի հանդեպ»։
Իր ելույթի ընթացքում Թրամփը նաև հայտնել է, որ ազգային հերոսների քանդակներով այգի ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրելու։
«Ես հայտարարում եմ մեր անցյալի հերոսների պատվին նոր հուշարձանների համալիրի ստեղծման մասին։ Ես հրամանագիր կստորագրեմ ամերիկյան հերոսների ազգային այգի՝ բաց երկնքի տակ մեծ այգի ստեղծելու մասին, որտեղ կլինեն մեծագույն ամերիկացիների արձանները»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ:
Թրամփի հրամանագրից հետևում է, որ «ամերիկյան հերոսների ազգային այգի» նախագծի իրականացման համար հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի Ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին, 60 օրվա ընթացքում խումբը նախագահին պետք է զեկուցի այգու ստեղծման վերաբերյալ իր առաջարկները։
Հրամանագրում նշվում են 31 քաղաքական գործիչների անուններ, այդ թվում՝ Ջոն Ադամսի, Սյուզան Էնթոնիի, Բենջամին Ֆրանկլինի, Ջեյմս Մեդիսոնի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Վաշինգտոնի և այլոց հուշարձանները։
Հատուկ նշվում է, որ բոլոր արձանները պետք է լինեն իրատեսական, այլ ոչ թե «վերացական կամ մոդեռնիստական պատկերներ»։
Այգին պետք է բացվի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը՝ ԱՄՆ-ի Անկախության 250-րդ տարեդարձի օրը։























