Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է Նավալնիի նախնական ախտորոշումը
Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնական աշխատանքային ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման, հայտնում է ria.ru-ն:
Հաղորդվում է, որ մասնագետները շարունակում են հետազոտություններ անցկացնել: Արդեն հաստատվել է, որ հիվանդի մոտ չի եղել գլխուղեղի, սրտի կաթված կամ ինֆեկցիոն ախտահարումներ, այդ թվում՝ կորոնավիրուս:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր առավոտյան լրագրողներին հայտնել էր, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում: Ըստ նրա՝ հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր:
Մուրախովսկին նշել էր նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:
Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն էլ լրագրողներին հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել: Բժիշկները չեն կարծում, որ նրան թունավորել են:
Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվել, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։
Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։










