Երևանի Լեփսիուսի 2–րդ փողոցը Ուսուբ Բեկ Թեմուրյանի պատվին անվանակոչելը հարգանքի նշան է եզդի համայքի նկատմամբ․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

16:49 • 07.09.20

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստին կքննարկվի Երևանի Լեփսիուսի 2-րդ փողոցը Մայիսյան հերոսամարտերի մասնակից, ազգային–ազատագրական գործիչ, ազգությամբ եզդի Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով կոչելու առաջարկը։

«Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպությունը անվանակոչման առաջարկը Երևանի քաղաքապետարանին և ավագանու «Իմ քայլը» խմբակցությանն արել է դեռևս գարնանը։

Նման առաջարկով նախկին իշխանությունների օրոք Երևանի փողոցներից մեկը անվանակոչվեց մայիսյան հերոսամարտի հերոս, նույնպես ազգությամբ եզի Ջհանգիր աղայի անունով։

Երևանի Լեփսիուսի 2-րդ փողոցը Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ կոչելու մասին Tert․am–ի հետզրույցում խոսեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որը նշեց՝ փողոցի անվանափոխությունը շատ կարևոր նախաձեռնություն է, ինչպես նաև հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը ամուր պահելու ժեստ է։

Իսկ թե ինչու այս հարցի իրագործման համար այսքան ժամանակ պահանջվեց, Երևանի ավագանու անդամը պարզաբանեց՝ առհասարակ համայնքի տեղական օրենքների ստեղծման գործընթացը բավականին երկարատև է, այս փուլում քննարկումներ են անցկացվել առաջարկի հեղինակների հետ։

Գրիգոր Երիցյանի խոսքով՝ սա ժամանակատար աշխատանք է՝ առաջարկի և փողոցի անվանափոխման անհրաժեշտության ճիշտ ձևակերպման համար։

«Բացի այդ, ավագանին օրակարգում  մի շարք կարևոր հարցեր  ուներ իր հերթական նիստերի ժամանակ, իսկ մայիս ամսից հետո ավարտվեց նաև նստաշրջանը, ապա  ամառվա ընդմիջումն էր և այնպես ստացվեց, որ նախագիծը հասավ այս 5-րդ նստաշրջանի առաջին նիստին, ավագանու անդամների կողմից ոչ մի վերապահում այս սահմանափոխությանը չի եղել, ի սկզբանե անդամները բավականին դրական են վերաբերել այս առաջարկին, կարծում եմ սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին կտա իր կողմ քվեն և Երևանում կունենանք այս նշանավոր գործչի անունով փողոց»,- նշեց Երիցյանը։

Համաձայն «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազիի՝ թե՛ կազմակերպության, և թե՛ եզդի համայնքի համար առաջնային խնդիր է փողոցի անվանակոչումը, սակայն չեն ցանկանում  քաղաքացիներին  անհարմարություն պատճառել․ «Ինձ հետ քննարկել են, թե ինչպես պետք է լինի փողոցի անունը, Ուսուբ Բեկ, թե Ուսուբ բեկ Թեմուրյան, ես առաջարկել եմ՝ Ուսուբ բեկ լինի, քանի որ այդպես են եզդիները նրան ճանաչում։ Մենք չենք մասնակցել փողոցի ընտրությանը, ճիշտն ասած, դրա կարիքն էլ չենք զգացել»։

Մուրազին հիշեցրեց՝ Ուսուբ Բեկ Թեմուրյանը՝ որպես զորահրամանատար, մեծ ներդրում է ունեցել Մայիսյան հերոսամարտերում և Հայաստանի՝ պետականություն ձեռք բերելու գործում։  Ըստ նրա՝ փողոցի անվանափոխությունը հարգանքի նշան է Հայաստանի և հայ ժողովրդի կողմից ազգությամբ եզդի, ազգային-հասարակական գործչի և եզդի համայնքի նկատմամբ։