Թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում, մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացվեն. վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող՝ ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացվեն: Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Այս ընթացքում ռազմական դրությունը չվերացնելու մասով Մինասյանը նշեց, որ սա պայմանավորված է իշխանության սարսափով: «Կառավարությունը սարսափում է օր առաջ պաշտոնազրկումից և աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլոր հնարավոր սահմանափակումները պահպանել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ այս աթոռապաշտին, դավաճանության հիմնական կրողին հեռացնենք այդ աթոռից»:
Մինասյանը նշեց, որ ռազմական դրությունը պահպանելու որևէ անհրաժեշտություն չկա և իշխանությունն իրենց անգործությունն ու վախերը փորձում են քողարկել այս իրավական ռեժիմը պահելու մեջ:
«Եթե Փաշինյանը չի գիտակցում, որ նա այլևս որևէ նորմալ դրական արդյունք տվող չէ, ուրեմն նա կորցրել է նաև մտածելու ունակությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ մենք հասել ենք այսօրվան, հետևաբար, համոզված եմ՝ ցանկացած նոր իշխանություն, որն ունակ կլինի ՌԴ-ի հետ արդյունավետ դաշնակցային հարաբերություններ ձևավորել, ՌԴ-ն ընդունելու և համագործակցելու է այդ իշխանության հետ»,-նշեց Մինասյանը:










