«Սանդուի՝ Ռուսաստանի հասցեին արված սկանդալային հայտարարությունները կարող են ստեղծել խնդիրներ»․ Դոդոն
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի՝ Ռուսաստանի հասցեին արված սկանդալային հայտարարությունները կարող են խնդիրներ ստեղծել Մոլդովայի ֆերմերների համար, հայտարարել է պետության գործող նախագահ Իգոր Դոդոնը, փոխանցում է EADaily-ն։
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 1-ին լրանում է ռուսական շուկա մոլդովական արտադրանքի մատակարարման արտոնյալ ռեժիմը:
«Ո՞վ է բանակցելու երկարաձգման շուրջ»,- հարցրել է Դոդոնը։
Նշում է, որ Իգոր Դոդոնի Մոսկվա կատարած այցից հետո Ռուսաստանն ընթացիկ տարվա սկզբից երկարացրել է մոլդովական գյուղմթերքի արտոնյալ մատակարարումներն առանց մաքսատուրքերի վճարման: Այդ արտոնությունների շնորհիվ Մոլդովայի մրգի և բանջարեղենի արտադրողները արտահանման ժամանակ տարեկան մինչև 25 մլն եվրո են տնտեսել։
Հիշեցնենք, որ Մոլդովայի նորընտիր նախագահը պահանջել է տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրսբերումը։ Մոսկվայում Սանդուին կոչ են արել ձեռնպահ մնալ արմատական կոչերից ՝ նշելով, որ նման հռետորաբանությունը չի նպաստի իր նախորդի կողմից հաստատված գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Ավելի վաղ Մայա Սանդուն նաև հայտարարել էր, որ դեկտեմբերի 24-ին կայանալիք երդմնակալությունից հետո երկրի ԱԳ նախարարության և եվրաինտեգրման նախարարության հետ միասին կուսումնասիրի Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովայի դիտորդի կարգավիճակ ստանալու օրինականությունը:
ԵԱՏՄ-ի հետ Մոլդովայի Հանրապետության համագործակցությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին՝ պետության ղեկավար Իգոր Դոդոնի կողմից հուշագրի ստորագրմամբ:










