Նոր Զելանդիայի իշխանությունները կլիմայական փոփոխության պատճառով արտակարգ դրություն կսահմանեն
Նոր Զելանդիայի իշխանությունները կլիմայական փոփոխության պատճառով արտակարգ դրության ռեժիմ կսահմանեն, երկրի կլիմայի հարցերով նախարար Ջեյմս Շոուի հայտարարության հղումով գրում է ria.ru-ն։
«Վերջին երեք տարիների ընթացքում մեր կառավարությունը Նոր Զելանդիան մղել է կլիմայական փոփոխության դեմ պայքարի առաջնագիծ։ Արտակարգ իրավիճակի հայտարարումը և արտանետումների կրճատման երկարաժամկետ գործողությունների ամրապնդումը ցույց են տալիս, որ մտադիր ենք շարունակել ընթանալ այդ ճանապարհով»,- հայտարարել է Շոուն:
Հաջորդ տարի Նոր Զելանդիայի իշխանությունները մտադիր են արտանետումների վերաբերյալ երեք բյուջետային պլան համաձայնեցնել՝ ածխաթթու գազի արտանետումները մինչև զրոյի կրճատելու մասին օրենքին համապատասխան: Կառավարությունը կհաստատի և կհրապարակի համաձայնեցված բյուջեների շրջանակներում արտանետումների կրճատման ծրագիրը։
Նշվում է, որ Նոր Զելանդիան, ընդունելով ածխաթթու գազի արտանետումների զրոյական կրճատման մասին օրենքը, ներկա պահին այն սակավաթիվ երկրներից է, որոնք օրենսդրորեն ամրագրել են գլոբալ տաքացման դեմ պայքարը։
Անցյալ տարի Նոր Զելանդիայի խորհրդարանը 2050 թվականին ածխաթթու գազի արտանետումները մինչև զրո կրճատելու մասին օրինագիծ է ընդունել: Օրենքի նպատակը կլիմայի փոփոխության հարցում հստակ և կայուն քաղաքականության իրականացումն է։










