ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ անհետացել է 288 000 քվեաթերթիկ, կեղծվել՝ 100 000-ը. Washington Examiner-ը հայտնել է ի վնաս Թրամփի տեղի ունեցած խախտումների մասին

17:24 • 02.12.20

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ անհետացել է 288 հազար քվեաթերթիկ, ևս 100 հազարը թվագրված են հին ամսաթվով, գրում է Washington Examiner-ը՝ հղում անելով մի շարք աղբյուրների ցուցմունքներին։

Փոստային ծառայության վարորդներից մեկի խոսքով՝ ինքը 144-288 հազար լրացված քվեաթերթիկ էր տեղափոխում Նյու Յորք նահանգից Փենսիլվանիա, սակայն նշանակման վայրում իր բեռնատարն անհետացել է։

Մեկ այլ աշխատակից էլ պնդում է, որ Վիսկոնսինում ավելի քան 100 հազար քվեաթերթիկ այլ ամսաթվով են թվագրվել, որպեսզի դրանք հնարավոր լինի հաշվել։

Միչիգանում և Փենսիլվանիայում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին քվեարկված քվեաթերթիկներն առանձնացվել են և դրվել «Չառաքված աշխատանքային նամակներ» գրությամբ արկղի մեջ, մինչդեռ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին քվեարկված քվեաթերթիկները ժամանակին են առաքվել։ Պարբերականը գրում է նաև ձայների մշակման գործընթացքում տեղ գտած խախտումների մասին։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նախօրեին Associated Press գործակալությանը հայտնել է, որ իր վարչությունն ու ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն առայժմ չեն հայտնաբերել ընտրախախտումների խոշոր դեպքեր։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նոյեմբերի 23-ին ԱՄՆ վարչակազմի ընդհանուր հարցերով վարչությունը Ջո Բայդենին ԱՄՆ նորընտիր նախագահ է ճանաչել և գրավոր տեղեկացրել նրա թիմին անհրաժեշտ դրամական միջոցներ տրամադրելու պատրաստակամության մասին։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունել իր պարտությունն ու ձայների վերահաշվարկի պահանջով դիտել դատարաններ, քանի որ վստահ է, որ դեմոկրատները բազում ընտրախախտումներ են արել։