«Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն երթով հասան կառավարություն (տեսանյութ)
Քաղաքացիները Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք նշում են, որ սա «արժանապատվության երթ» է։
Նախքան երթի մեկնարկը ելույթով հանդես եկավ կազմակերպիչներից Գոռ Սարգսյանը՝ կոչ անելով հասարակությանը միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
«Ես կոչ եմ անում հասարակությանը, իմ հասակակիցներին, որ պայքարենք ազատ , անկախ ու միացյալ Հայաստանի համար: Այսօր իշխանությունը տարբեր ստեր է տարածում, կրկին խաբում է, մենք հայտարարել ենք, որ մենք հետ կանգնող չենք, հասարակությունը չի հաշտվել, մեր սերունդը ներդրում է ունենալու մեր պետականաության գործում, ունենալու ենք հզոր Հայաստան, ազգային պետություն, այստեղից, վաղվանից, մյուս օրվանից, հաջորդ օրվանից Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնելու ենք իշխանությունից»,-ասաց նա:
Գոռ Սարգսյանի ելույթին հաջորդեցին վանկարկումները՝ «Նիկոլ, դավաճան»: Այնուհետև Գոռ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն անհայրենիք է, նրա կողքը կանգնող մարդիկ անհայրենիք են և հասարակության մեջ, ՀՀ իշխանության մեջ տեղ չունեն:
Նրա ելույթից հետո մեկնարկեց արժանապատվության երթը դեպի Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենք, որտեղ էլ կհայտարարեն հետագա անելիքների մասին:
Երթի մասնակիցների մի մասին հաջողվեց ՀՀ եռագույնը ծածանել Հանրապետության հրապարակում, ոստիկանները մյուս մասնակիցներին թույլ չէին տալիս մոտենալ դրոշը ծածանողներին, այնուհետ, փակելով փողոցի երթևեկելի հատվածը, թույլատրելին:
Ակցիայի մասնակիցները նշում են՝ չպետք է լինեն «սևի» ու «սպիտակի» բաժանումներ, բոլորը պետք է առաջնորդվեն պետականության սկզբունքով: Նրանք Հանրապետության հրապարակում կատարեցին ՀՀ հիմնը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 6-ից ապակենտրոն սկզբունքով փակելու են Երևանի փողոցները, իսկ այսօր դադարեցնում են ակցիան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










