«Այժմ կարևոր է համատեղ աջակցության ցուցաբերումը». Պուտինը կոչ է արել օգնել ԼՂ պատերազմական գոտում հայտնված մարդկանց
Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց կարևոր է համատեղ օգնություն տրամադրել: Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում, ռազմական գործողությունների գոտում տուժած մարդկանց: Աջակցել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությանը»,-ասել է Պուտինը:
Հայտնի է, որ նիստի ժամանակ նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրծ եռակողմ հայտարարությանը:
Պուտինն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, որոնք թեև բարդ էին, սակայն անհրաժեշտ էին ժողովրդի համար:
«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ», - նշել է Պուտինը:
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ եռակողմ հայտարարությունը հետևողական կերպով իրականացվում է, շփման գծի երկայնքով տեղակայված են խաղաղապահներ:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ում արյունահեղությանը վերջ տալու և կրակի դադարեցմանը հասնելու հարցում իրենք հետևել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքայիան պայմանավորվածություններին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










