Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալելու համար ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի 30 հազար դրամ, Արցախի քաղաքացիներին՝ 45 հազար դրամ (տեսանյութ)

11:32 • 03.12.20

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ Արցախի քաղաքացիների մի հատված կեցությունը իրականացնում է  ՀՀ տարածքում, քանի որ իրենց բնակավայրերը չեն գտնվում հայկական վերահսկողության ներքո և մասնավոր տեղերում են իրենց կեցությունը ապահովում ՀՀ քաղաքացիների հյուրընկալությամբ: 

Այսպիսով նախագծով՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է:

Ծախսերի փոխհատուցումը ժամանակավոր վեց ամսով է:  Աջակցությունը տրամադրելու համար պետք է դիմել յուրաքանչյուր ամիս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ որպես վարձակալության գումար չեն տրամադրվելու և հարկման ենթակա չէ: