Աջակցություն կտրամադրվի քաղաքացիական զոհերի ընտանիքներին 5 մլն դրամի չափով, հաշմանդամություն ստացած անձանց՝ ըստ կարգի՝ 3, 2 և 1 մլն դրամ, երեխայի հաշմանդամության դեպքում՝ 3 մլն դրամ (տեսանյութ)
Կառավարությունն ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ առաջարկվում է աջակցություն տրամադրել քաղաքացիական զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ խմբերի՝ համապատասխանաբար երեք, երկու ու մեկ միլիոն դրամ, երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ երեք միլիոն դրամ: «Նշված իրավակարգավորումները համահունչ են սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության մասին օրենքի կարգավորումներին»,-ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: «Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,-ասաց նա:










