«Հըզբալլահ»-ի առաջնորդն իր դեմ մահափորձի նախապատրաստման վերաբերյալ տեղեկությունների ֆոնին ժամանակավորապես կապաստանի Իրանում. The Jerusalem Post

13:22 • 03.12.20

Լիբանանյան «Հըզբալլահ» (Աստծո կուսակցություն) կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան պատրաստվում է տեղափոխվել Իրան: Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնել է քուվեյթյան Al Jarida թերթը:

Ըստ  թերթի հավաստի աղբյուրների՝ Լիբանանի և հարևան երկրների հետախուզական ծառայությունները գաղտնալսել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Հըզբալլահ»-ի ղեկավարների միջև այս թեմայով տեղի ունեցած հեռախոսազրույցները: Ենթադրվում է, որ Նասրալլան անորոշ ժամանակով կմնա Թեհրանում, և հայտնի չէ, թե հստակ երբ կվերադառնա Բեյրութ:

Լիբանանյան լրատվամիջոցները վերջերս անդրադարձել են երկրի օդային տարածքում իսրայելական օդուժի ակտիվության աճին, մասնավորապես, Al-Manar թերթը հաղորդել էր Բեյրութի օդային տարածքում իսրայելական ինքնաթիռի առկայության մասին:

Նոյեմբերին ԻԻՀՊԿ հրամանատար Իսմայիլ Քաանին Al Jarida թերթին հայտնել էր, որ «Հըզբալլահ»-ին հաջողվել է բացահայտել Հասան Նասրալլային սպանելու վերաբերյալ Իսրայելի ծրագիրը:

Ենթադրվում է, որ, անցյալ շաբաթ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից և երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո «Հըզբալլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի հաջորդ թիրախը` հաշվի առնելով այդ երկրների կողմից «Հըզբալլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը: Ավելին`2019 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ահաբեկչական է ճանաչվել նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Դեկտեմբերի երկուսին, Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կազեմ Ջալալին «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենց հայտնի է, թե ովքեր են կանգնած այդ ահաբեկչության ետևում: Նա հավելել է, որ Իրանն ունի բոլոր ապացույցները, ըստ որոնց՝ Իսրայելն անմիջական կապ ունի այս գործողության հետ:

Իրանը նախկինում ևս մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին միջուկային գիտնականներ Մաջիդ Շահրիարի և Մուստաֆա Ահմադ-Ռոշանի սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել 2010 և 2012 թվականներին:

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է նոյեմբերի 27-ին`ահաբեկչական գործողությունների արդյունքում: Սպանության համար կասկածվում են Իսրայելի հատուկ հետախուզական ծառայության`«Մոսադի» գործակալները: