ԱՄՆ իշխանությունները կարծում են՝ Ռուսաստանը չի միջամտել 2020թ. ընտրական համակարգին
Այս տարի կայացած նախագահական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրական համակարգին: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալության ղեկավարի պաշտոնակատար Բրենդոն Ուելսը՝ ելույթ ունենալով Սենատի ներքին անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանը լայն արշավ է սկսել տեղական ինքնակառավարման, պետական, մասնավոր հատվածի և դաշնային ցանցերի դեմ ՝ օգտագործելով խոցելի կողմերը: Նրանք հետևում են խոցելի տեղերին և փորձում են ներթափանցել ցանցեր: Մենք հայտնաբերել ենք դա»,-ասել է Ուելսը:
Կենտուկիից հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հարցին այն մասին, թե ընտրական համակարգը ներգրավվա՞ծ է դրանում, Ուելսը բացասական պատասխան է տվել:
«Ո՛չ: Ես նկատի ունեմ ընդհանուր ցանցերը, մասնավոր հատվածի ցանցերը, մի բան, որը բացարձակապես կապ չունի ընտրությունների հետ»,- ասել է պաշտոնյան:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ շրջաններից մեկի ցանցը կոտրվել է, այնտեղից ներբեռնվել են «ընտրությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ», որոնք կապ չեն ունեցել ձայների հաշվարկի հետ:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 3-ին, դրանցում, նախնական տվյալներով, հաղթանակ է տարել երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը:










