Հայ ժողովուրդն այս աղետից պետք է դուրս գա միասնական, ոչ թե բաժան-բաժան եղած. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

15:22 • 05.12.20

Բոլորի խնդիրը պետք է լինի բացառել երկրում խորացող անիշխանությունը, չստացվի մի իրավիճակ, որ երկրում մենք գործ ունենանք անիշխանության ավելի վատ դրսևորումների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հանրահավաքից առաջ ասաց քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

«Հայ ժողովուրդն այս աղետից պետք է դուրս գա միասնական, ոչ թե բաժան-բաժան եղած»,-ասաց նա: Սամվել Ֆարմանյանը երկրորդ խնդիրը համարեց այն, որ բոլոր հնարավորն ու  անհնարինը պետք է անել և հայ ժողովրդին վերադարձնել իր արժանապատվությունը, քանի որ արժանապատվություններից զրկված ժողովուրդները պետություն չեն ունենում:

Նա նկատեց, որ այսօր գյուղապետերը, ջոկատ կազմած, ադրբեջանցիների հետ մտնում են ուղիղ բանակցությունների մեջ՝ արձանագրելու ՀՀ սահմանները, ինչը եթե լիներ 19-րդ դարում, կարելի էր հասկանալ:

Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի անցնցում: «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատանդներ են եղել և այսօր էլ մնում են պատանդներ Նիկոլ Փաշինյանի ձեռքում»,-ասաց քաղաքական գործիչը և նշեց, որ մեծ կասկածներ ունի, որ պատգամավորներից շատերը տեղյակ չեն եղել կայացվող որոշումներից:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ հասարակական համերաշխությունը պետք է վերականգնվի: «Սոցիալ-տնտեսական վիճակն օր-օրի բարդանում է, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին բերել է պատմական աղետի»,-ասաց նա: