«ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններով ոգեշնչված՝ ուկրաինական իշխանությունները կարող են ռազմական արկածախնդրություն ձեռնարկել Դոնբասում». «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետախուզությունն արձանագրում է, որ Կիևը վերջին շաբաթներին ակտիվորեն ուժեղացնում է իր դիրքերը Դոնբասի ամբողջ ճակատի երկայնքով. կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության ու համակարգման միացյալ կենտրոնի տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն շփման գծի մոտ է տաղակայել հավելյալ առնվազն 245 միավոր ծանր զինտեխնիկա։ Այժմ Դոնբասում լուրջ մտավախություններ կան, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով ոգեշնչված ուկրաինական իշխանությունները կարող են ռազմական արկածախնդրություն ձեռնարկել՝ փորձելով ուժով վերադարձնել առանձնացած շրջանները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով նման գործողությունների հնարավոր հետևանքները։
Ինչպես գրում է պարբերականը, ուկրաինացի գեներալներն, անկասկած, հետևել են Անդրկովկասում տեղի ունեցած վերջին պատերազմին, վերլուծել են ադրբեջանական ու հայկական զորքերի գործողությունները, գնահատել կողմերի մարտավարական ու ռազմավարական քայլերը և մանրակրկիտ ուսումնասիրել նրանց ռազմական փորձը, որից կարող էին զգալի բան սովորել։
«Բաքուն Անկարայի օգնությամբ ցուցադրել է իր լիարժեք տեխնիկական գերակայությունը հակառակորդի նկատմամբ, ինչը հիմնականում պայմանավորված էր գրոհային ԱԹՍ-ների զանգվածային գործածությամբ։ Ղարաբաղի պաշտպաններին հաջողվեց միայն կարճ ժամանակով չեզոքացնել օդային վտանգը՝ կիրառելով ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ, սակայն ադրբեջանցիներին շուտով հաջողվեց ճնշել նրանց», - գրում է գործակալությունը՝ հավելելով, որ այժմ ուկրաինական զինված ուժերն անգամ չեն էլ թաքցնում, որ Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում իրենց բանակը ևս շեշտը կդնի ժամանակակից անօդաչուների վրա։
Կիևը թուրքական վեց «Բայրաքթար TB-2» հարվածային ԱԹՍ ունի և մի քանի հարյուր գերճշգրիտ հրթիռ դրանց համար, իսկ հաջորդ տարի մտադիր է ևս 15 նմանատիպ անօդաչու ձեռք բերել։ Ավելին՝ արդեն իսկ հայտարարվել է, որ Թուրքիան որոշել է Ուկրաինայում անօդաչուների արտադրութամբ զբաղվող համատեղ ձեռնարկություն հիմնել, ուստի Ուկրաինան ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին օդային հարվածներ հասցնելու և իր զինծառայողներին չվտանգելու ավելի շատ հնարավորություններ կունենա։
Ինչպես գրում է գործակալությունը, նոյեմբերի վերջին Նիկոլաևի մարզում «Բայրաքթարների» կիրառմամբ վարժանքներ են անցկացվել, իսկ մինչ այդ հաղորդվել էր, որ անօդաչուների մի մասը տեղափոխվել է Կրամատորսկ, որտեղից Դոնեցկ ընդամենը 80 կմ է։ Միևնույն ժամանակ հաղորդվում էր, որ Կրամատորսկի օդանավակայանից օդ բարձրացած «Բայրաքթարները» կարող են հարվածել նաև ԴԺՀ-ի մայրաքաղաքին, իսկ հաշվի առնելով, որ չճանաչված հանրապետությունների զորքերը նույնքան «լավ» են զինված ՀՕՊ համակարգերով, որքան Արցախի պաշտպանական ուժերը, կարելի է ենթադրել, որ Ուկրաինայի ԶՈւ-ն կկարողանա գրեթե անարգել խոցել անհրաժեշտ թիրախները։
Անկարայի մասնագետներն արդեն իսկ սովորեցնում են ուկրաինացիներին կառավարել անօդաչուները, սակայն Ուկրաինայի զինված ուժերը հետաքրքրվում են ոչ միայն թուրքական զինտեխնիկայով։ Օրերս Ուկրաինայի օդուժի հրամանատարությունը սոցցանցերում հայտնել էր, որ ԱՄՆ-ն ևս մի քանի MQ-9 Reaper անօդաչու կտրամադրի, իսկ «Մաքուր երկինք» զորավարժությունների ժամանակ դրանք կփորձարկեն ուկրաինական ՀՕՊ համակարգերը, հատկապես նրանք, որոնք տեղակայված են արևմտյան սահմաններին։
«Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանակը Ղարաբաղ է ներխուժել Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններից հետո։ Այն ժամանակ Անկարան դաշնակցի տարածքում էր «մոռացել» մի քանի հարյուր ռազմական հատուկ տեխնիկա», - նկատում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ ամերիկյան անօդաչուների Ուկրաինա տեղափոխումը ևս կարող է դառնալ պատերազմի «նախերգանք»։
Գործակալությունը շեշտում է, որ Դոնբասում ռազմական օպերացիա ծրագրելիս ուկրաինական զինուժն ակնհայտ է, որ հաշվի կառնի նաև Ադրբեջանի փորձը։ Վերջին հակամարտության ժամանակ Ադրբեջանն ապավինել էր միանգամից մի քանի կարևոր ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումներին, իսկ ադրբեջանական զորքի քանակական առավելությունը թույլ չտվեց հայկական ուժերին հակահարձակ լինել, ինչի հետևանքով Արցախի բանակն անցավ խորը պաշտպանության՝ ռազմավարական նախաձեռնություններն ամբողջովին տրամադրելով հակառակորդին։
Այժմ Ուկրաինայի զինված ուժերը մի քանի շաբաթ շարունակ շփման գծի մոտ ռազմական տեխնիկա և զինծառայողներ են տեղակայում։ Կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության ու համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ շփման գծի մոտ առնվազն 245 միավոր ծանր զինտեխնիկա է տեղակայվել և այդ «արմադան» կարող է ցանկացած պահի հարձակման անցնել ճակատի ամբողջ երկայնքով։ Այնուամենայնիվ, չճանաչված հանրապետություններն այս մասին քաջատեղյակ են և ակտիվորեն պատրաստվում են մարտերին։
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼԺՀ ազգային ոստիկանության պահեստազորի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն, հակամարտության վերսկսման դեպքում Կիևն արժանի պատասխան կստանա։
«Հարձակման փորձի կամ այլ սադրանքների դեպքում համաժեք պատասխան կտրվի։ Սակայն ներկա պահին ուկրաինական զորքը մարտունակ չէ սպաների սակավության պատճառով։ Անգամ համալսարաններից են մարդիկ հավաքագրվում. նրանք, ովքեր ավարտել են ռազմական բաժինները և չունեն մարտական փորձ։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն չունի գումար ոչ հին ռազմական տեխնիկան վերանորոգելու, ոչ էլ նորը գնելու համար», - ընդգծել է փորձագետը։
Առայժմ Դոնբասում համեմատաբար լուռ է և հրադադարի խախտումներ հազվադեպ են լինում։ Օրերս Կիևի զորքերը մի քանի հարված են հասցրել ԼԺՀ որոշ բնակավայրերին, սակայն չճանաչված հանրապետությունների զինծառայողները կարծում են, որ այս կերպ Կիևն ուսումնասիրում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը։ Նրանց կանխատեսումներով՝ շփման գծի հակառակ կողմում ձեռնարկված պատրաստություններն ակտիվ ռազմական գործողություններին կավարտվեն փետրվարին, սակայն ուկրաինացի գեներալները շարունակում են հերքել հարձակման մտադրությունները։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար գեներալ Ռուսլան Խոմչակը հայտարարել է, որ Դոնբասում «զուտ ռազմական լուծում» չկա։ Նրա խոսքով՝ խիտ բնակեցված տարածաշրջանում պատերազմ սկսելու դեպքում Ուկրաինայի ԶՈւ-ն կխախտի միջազգային մարդասիրական իրավունքը։ Բացի այդ, մեծ կորուստներն անխուսափելի կլինեն, և չի բացառվում նաև «Ռուսաստանի միջամտությունը»։
Շատերը կարծում են, որ Կիևի գլխավոր հրամանատարի նման «խաղաղասիրությունը» պայմանավորված է հերթական պատերազմի պատասխանատվությունը ստաձնել չցանկանալով, գրում է գործակալությունը։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել աշխատանքից ազատել Ռուսլան Խոմչակին և պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին, քանի որ նրանք ձգձգում են Դոնբասում հերթական հարձակման նախապատրաստական աշխատանքները։
«Հնարավոր է՝ բարձր պաշտոններում նշանակված նոր անձինք ավելի հարմարվող լինեն», - եզրափակում է «ՌԻԱ Նովոստի»-ն։










