Ռուսաստանը մոբիլիզացնում է սևծովյան ողջ նավատորմը՝ որպես ԱՄՆ-ին ուղղված ուժի ցուցադրում. Al Masdar

13:51 • 05.12.20

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմն իր ամբողջ կազմով շարժվել է զորավարժություններ անցկացնելու, ինչն առաջացրել է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի հետաքրքրությունը, հայտնում է almasdarnews.com -ը:

ՌԴ ՊՆ հայտարարությունում նշվում է, որ զորավարժությունները ներառում են երկու ֆրեգատներ ՝ «Ծովակալ Գրիգորովիչ» և «Ծովակալ Մակարով», «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը, «Պետլևի» ուղեկցող նավը, «Օրեխովո-Զուևո»  և «Ինգուշեթիա» երկու փոքր հրթիռային նավերը, վայրէջքային նավեր, մեծ ու փոքր հակասուզանավեր, սուզանավեր, ականանետեր և օժանդակ նավեր:

Դեպի Սև ծով շարժվող նավերին ուղեկցում են ծովային օդուժին պատկանող ուղղաթիռներն ու ինքնաթիռները, որոնց պաշտպանությունն ապահովել են սևծովյան նավատորմի հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ռուսական նավատորմի վարժանքները գրավել են ԱՄՆ-ի ուշադրությունը. ՆԱՏՕ-ի Կրետեում տեղակայված ռազմաբազայից դուրս եկած ամերիկյան Boeing RC-135U հետախուզական ինքնաթիռը հսկել է զորավարժությունների տարածքը:

Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ-ին և նրա եվրոպական գործընկերներին պատկանող ինքնաթիռները պարբերաբար հետախուզական թռիչքներ են կատարում Սև ծովի վրայով և մոտենում Ռուսատանի սահմանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին, հետախուզական թռիչքի ժամանակ ռուսական Սու-27 կործանիչը նույն տարածաշրջանում «որսացել» էր ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդուժի հետախուզական RC-135 ինքնաթիռը: