Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, Ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգից հանելո՞վ և Արցախն ադրբեջանական համարելո՞վ. Արման Աբովյան

12:57 • 11.12.20

Երբ մենք իշխանությանն ասում ենք՝ տարածաշրջանային իրավիճակի տարրական վերլուծություն արեք և ակնհայտ հակահայկական հակապետական հայտարարություններ մի արեք, ասում են՝ դե գիտեք ինչ կա, եղել է, պարտվել ենք, պետք է գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, սա խայտառակ անգրագիտություն է, բացի դրանից իրավիճակին չտիրապետելու ֆանտաստիկ ունակություն ունի այս իշխանությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Եկեք ֆիքսենք, որ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց տարածքային պրետենզիաներ են ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ, արվում են այն կարգի հայտարարություններ, թե Երևանը, Զանգեզուրը, Սևանը, ամբողջ ՀՀ տարածքը թուրքական է, և այդ ֆոնի վրա ՀՀ իշխանություններն ասում են՝ գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք. չեմ հասկանում, սա արդեն աննորմալություն է, կա՛մ չեն հասկանում, կա՛մ միտումնավոր են անում: Ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատես մի երկրի հետ, ով տարածքային պերետենզիա է ներկայացնում քո մայրաքաղաքի նկատմամբ»,- հայտարարեց Արման Աբովյանը:

Բացի այդ, պատգամավորը հարց բարձրացրեց՝ երբ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է խոսվում, Ադրբեջանի հետ ինչպե՞ս ես հաստատելու: Աբովյանը նշեց, որ նրանք պահանջ են դնելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:  

«Կարո՞ղ է արդեն պայմանավորվել եք, ինչ-որ բան եք խոստացել: Ես չեմ հավատում, որ այդ մարդիկ, որոնք փորձում են «մերձեցման» քայլեր անել, դա չեն հասկանում, բայց պատճառն ինչո՞ւմն է: Թուրքերի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարց եմ տալիս. ասեմ ինչ պայմանով՝ Թուրքիան միանշանակ պայման է դնելու՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանեք օրակարգից, հանելո՞ւ եք, Ադրբեջանը պայման է դնելու, ի՞նչ Արցախի Հանրապետություն, քեզ ճանապարհ եմ տալիս՝ եղբայրություն, ընկերություն: Ձե՞ռ եք առնում ձեզ, ի՞նչ եք անում: Ձեր պատասխանը տվեցին Ալիևին ու Էրդողանը, բա ինչի՞ ձեններդ դուրս չի գալիս, խոսեք, թե՞ միայն ընդդիմության դեմ եք կարողանում խոսել»,- հայտարարեց պատգամավորը: