Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները բռնի ուժ կիրառեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նկատմամբ․ ցուցարարները երթ արեցին (տեսանյութ)
16։01
Ոստիկանությունը Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին: Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին նաև բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն չհաջողվեց:
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները ապօրինի է համարում:
«Բայց մեզ ոչ մեկ չի կարող կոտրել, հնարավոր չէ: Նիկոլը պետք է հեռանա իր բոլոր լակոտների հետ, այլ տարբերակ չկա: Միայն Նիկոլի հեռացումով է հնարավոր փրկել մեր երկիրը, հանուն դրա ամեն ինչ անելու ենք: Քանի հայ արժանապատիվ մարդը շնչում է, Նիկոլը մի րոպե հանգիստ չի ունենալու»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց միանալ ակցիայի մասնակիցներին. «Էդ խեղկատակին, Նիկոլը փողոցային ջեբկիր է, նա ջեբկիրի հոգեբանությամբ ծախել է մեր եղած-չեղածը, մի լսեք էդ սրիկային, կանգնեք արժանապատիվ մարդկանց կողքին»:
Ոստիկանությունը հրապարակում ակցիա իրականացնողներին հորդորեց մայթ բարձրանալ, հավաքն այնտեղ շարունակել:
15։37
Ոստիկանները շարունակում են բռնի ուժով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ բախում սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև: Ոստիկանները փորձում են բացել մեքենաներով փակված ճանապարհը:
Ակցիայի ընթացքում նաև վատացավ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը:
Նշենք, որ ակցիաները շարունակվում են «պայքար, միասնություն, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով:
15:21
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի հարակից հատվածում: Ակցիայից հետո քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Ֆրանսիայի հրապարակ:
15:16
Քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք Կասյան փողոցից ավտոերթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Քայլերթի մասնակիցները վանկարկում են «Նիկել, դավաճան, հեռացիր»։
Նշենք, որ այսօր քաղաքացիները նաև անհնազանդության ակցիաներ էին անում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










